38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ես գաղթելու ոչ տեղ ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ՝ մղում

Ես գաղթելու ոչ տեղ ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ՝ մղում
06.10.2024 | 12:17

Գևորգ Էմինը (ջահելներին հուշեմ, որ այդպիսի հայ բանաստեղծ է եղել 20-րդ դարում, ու լավ բանաստեղծ) մի գործ ունի, եթե հիշողությունս չի դավաճանում՝ «Մենք փոքր ենք, այո» վերնագրով: Ինչո՞ւ հիշեցի: Այդ գործում, որի մոտիվը որոշակիորեն այլ է նրանից, ինչ պատրաստվում եմ ասել, Էմինը հարցնելով շեշտում է. «Ձեզ ո՞վ էր ասում/ Մեզ սեղմեք այնքան, /Որ մենք ստիպված ադամանդ դառնանք»:

Չգիտեմ, որ դպրոցական էինք, այսպես կոչված՝ տոտալիտար, անաստված ու ապազգային ԽՍՀՄ-ում, մեր աննման ուսուցիչները, կոնկրետ՝ մեր Հայոց լեզվի ու գրականության ՈՒսուցչուհի Իզիդա Գրիգորյանը, Աստված հոգին լույսերի մեջ պահի, մեզ նման ստեղծագործություններով էր կրթում, դաստիարակում: Այ թե ինչպիսի մանկավարժներն են արժանի տոնի և հիշատակության: Սա՝ օրվա խորհրդի հանգույն:

Ինչ վերաբերում է բուն ասլիքին, ապա այն մի փոքր այլ բանի մասին է: Կոնկրետ այն բանի, որ ընթացիկ օրհասական վիճակին անդրադառնալով, տարբեր մեկնաբաններ, այդ թվում՝ նաև իմ կողմից հարգված, նշում են, որ եթե Արցախի հայությունը, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից մի կերպ խուսափեց՝ բռնագաղթելով ՀՀ տարածք, ապա մե՞նք ուր ենք փախչելու, գաղթելու...

Գիտեք, մանուկ հասակից չեմ սիրել այդ բառը՝ «գաղթական»: Ավելի ճիշտ, չեմ սիրել, երբ հասկացել եմ, թե այդ բառն ինչ է նշանակում: Չնայած, այն եղել է իմ անվան բաղկացուցիչ ուղեկիցներից միառժամանակ: Երբ փոքր էի ու, ասենք, ներքի թաղի մեծերից մեկը հարցնում էր՝ ում տղան ես, ում թոռն ես, ասում էի՝ «գաղթական Հարութի թոռն եմ...» կամ էլ՝ «քուրդ Հարութի թոռը» (թե ո՞վ է Հարութ անունով քուրդ տեսել, չէ՞...):

Հետո, որ մի քիչ էլ մեծացա, հասկացա՝ գաղթականն ինչ է, այլևս երբեք այդպես չէի ասում: Ճիշտ է, իմ պապն այնքան փոքր է եղել, որ այդ տարիքում չէր կարող զենք վերցնել ու կռվել, իրեն այսպես ասեմ՝ գաղթեցրել են, ո՞վ է մի մատ երեխային բան հարցնում...

Գաղթի ճամփաներին կորցրել է իր Արամ եղբորը, ապա՝ մորը ու մնացել ինքը, մենակ, ինչ-որ բարեհոգի քրդերի խնամքին, մինչև չափահաս է դարձել ու վերադարձել իր հարազատ ազգի միջավայր:

Մեր տան պատին մի նկար էր կախված: Հարութ պապիս մի շնորհքով տղա է նվիրել, վաղամեռիկ մի նկարիչ, կարծեմ՝ 1956 թե 57 թվին: Ամսագրի շրջադարձի սպիտակ մակերեսին արված արտանկար է, գունավոր մատիտներով: Պատկերված է Մայր Հայաստանը՝ Անիի ավերակների ֆոնին: Բայց այդ նկարում ինձ համար ամենից կարևորը Արարատ սարի պատկերն էր: Դե, Դիլիջանում, մեր տնից, ասենք և ոչ մի տեղից Արարատ սարը չի երևում, ուրիշ սարեր են երևում, բայց ոչ՝ Արարատը: ՈՒ հետո, երբ Շիրազ էի կարդում, ավելի ու ավելի էի վառվում Արարատ բարձրանալու, այն ամեն օր տեսնելու ցանկությամբ...

ՈՒ, լինելով մեծ ու հզոր, գաղափարականացված պետության մեջ մեծացող երեխա, աշակերտ, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե մեր սարն այդ ինչպե՞ս է, որ թշնամու ձեռքում է մնացել, ո՞նց...

Մեծացա, հասկացա:

Տեսնում եմ, հասկանում:

Ցավոք:

ՈՒ հիմա, որ լսում եմ բավականին բանիմաց մարդկանց հրապարակային հարցադրումները, թե բա էստեղի՞ց ուր ենք գաղթելու...

Ես գաղթելու ոչ տեղ ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ՝ մղում:

Երբեք չեմ ունեցել:

Ոչ մեկին երբեք չեմ մեղադրում, բայց ոչ «սովետի քանդվելու», ոչ «ցուրտումթի», ոչ «նեղուդժվարի» ժամանակ իմ մտքով երբեք ու երբեք չի անցել, թե կարելի է «արտագաղթել», հետո, որ լավ լինի՝ ներգաղթել և այդպես շարունակ:

Այնպես չի, թե լեզու չգիտեմ, անբան, անհունարի մեկն եմ:

Առավել ևս, այնպես չի, թե նման հնարավորություններ չեն եղել: Եղել են: Բայց չեմ գնացել ու չեմ գնալու:

Ո՞նց է ասում Սիմոնովի «Ողջերն ու մեռածների» դիպվածային կերպարներից մեկը. «Ծռված ու ժանգոտած մեխի նման կպած եմ մնալու ու չեմ գնալու...»:

Ժողովուրդ, ի՞նչ գաղթելու մասին եք խոսում, ու՞ր գաղթելու: Մենք հիմա միայն մի տարբերակ ունենք. մնալ ու կռվել մինչև վերջ: Մենք պաշարված Վանի վիճակում ենք, այն տարբերությամբ, որ թշնամին դեռ 2018-ին, նախ՝ կառավարության շենքն է գրավել ու այնտեղ դրել իր կատարածուին:

Նա իր սև գործն անում է, ու թշնամու համար լավ էլ անում է:

Իսկ մենք... չգիտեմ, թե ինչ ենք անում մենք:

Ավելի ճիշտ գիտեմ, բայց կիրթ մարդիկ, սովորաբար, նման բառերով հրապարակային հարթակներում չեն արտահայտվում:

Լավ, ոնց որ թե շատ ծավալվեցի, երևի վաղուց չէի արտահայտվել այս ձևաչափով, դրանից է:

Կարճ ասած. մենք գնալու չունենք, մենք մնալու և բան անելու ունենք: Էլ խոսքեր ոլորելու ժամ չէ:

Թե չէ, որ «ոտանավորներ ասելու» լինի, անհամեստ չհամարեք, շատերից բազմապատիկ լավ ու ազդու կասեմ:

Էսքանը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ